Արցախ-Հայաստան համակեցության մի նոր խորհրդանիշ․․․

Կրթահամալիրի քոլեջի ու գեղարվեստի կացարաններում բնակված, մեր կրթահամալիրում այգեպան աշխատող Արտակի-Միշայի, նրանց ընտանիքների մասին պատումը թող անեն Տաթև Բլեյանն ու Քնարիկ Ներսիսյանը․․․ Հուզիչ-իրական պատմություն, Հայաստան-Արցախ համակեցությանն արժանի մի-մի նախագիծ, որ բոլոր սեբաստացիներիս գործուն աջակցությամբ կարող է դառնալ մեր նոր համակեցության կենսունակության խորհրդանիշ․․․

Քոլեջում բնակվող Արցախցի Միշայի և Արտակի ընտանիքները տեղափոխվեցին մի բնակարան, որը վարձակալել են՝ հաշվի առնելով պետության կողմից յուրաքանչյուր ամիս մի չափահասի համար տրվող 30.000 դրամը: Բնակարանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում է, 4 սենյականոց. երկու ընտանիք միասին են բնակվելու այնտեղ: Ընտանիքներին տվել ենք չորս ծալովի մահճակալ, իրենց տրված սպիտակեղենները, վերմակ-բարձերը և երկու լվացքի չորանոց:
Տղաները շարունակելու են իրենց աշխատանքը կրթահամալիրում:
… Քոլեջի ժամանակավոր կացարանում բնակվող Հադրութցի 11 հոգիանոց ընտանիքը ևս տեղափոխվեց իրենց վարձակալած բնակարանը: Բնակարանը Մալաթիա-Սեբաստիայում է: Տեղափոխումն ավելի արագ ստացվեց, քան նախատեսել էին, որովհետև բնակարանը արագ գտնվեց, կարգավորվեց:
Ընտանիքին տվել ենք իրենց քանակի չափով ծալովի մահճակալներ, սպիտակեղեն, աթոռ, սեղան, սառնարաններ, լվացքի չորանոց, Արևմտյան դպրոցից տեղափոխած երկու պահարան և բազկաթոռները:
Հարգանքով՝ Տաթև

Իհարկե, բարվոք կենցաղի համար պետք է անհատույց հատկացնել անհրաժեշտը։ «Հոգատարություն» ուսումնական նախագիծը, Արցախ-Հայաստան նոր համակեցությունը հունվարյան ճամբարի բովանդակություն են։ Նշենք մեզ հարազատ մարդկանց բնակարանամուտը օր առաջ: Փետրվարին էլ նրանց մասնակից դարձնենք քոլեջի նախադպրոցական նոր խմբի նորամուտին: Կեցցեք, Տաթև ու ընկերներ:

Հյուսիսային դպրոց-Գեղարվեստի կացարանում մնացել է Արցախի Ավետարանոց գյուղից մի մեծ ընտանիք, որն ուզում է տեղափոխվել ավագ որդու մոտ՝ Ասկերան քաղաք, սակայն վերջինիս տունը նորոգման աշխատանքների մեջ է, զուրկ կենցաղի պայմաններից, ավելին՝ փոքր է, անհրաժեշտ է ընդարձակել։ Դիմենք Ասկերանի քաղաքապետին, որպեսզի համատեղ օգնենք մեր հայրենակիցներին՝ շուտ վերադառնան Արցախ։ Անհրաժեշտ է ընտանիքի ավագ որդուն՝ Արեն Համբարձումյանին, որ Արցախում աշխատում է փրկարարական ծառայությունում որպես վարորդ (ավագ ենթասպա է, ամուսնացած, ունի երկու անչափահաս որդի) աջակցել, որ շինարարական աշխատանքները շուտ ավարտվեն և իր հարկի տակ ընդունի եղբոր յոթ հոգիանոց ընտանիքին։
Սիրով՝  Քնարիկ

Երեկ ես երկար խոսում էի Արցախի Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի հետ․․․ Ոգևորեցի և ոգևորվեցի մեր զրույցից, պայմանավորվածությունից՝ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի աջակցությամբ մեր նախաձեռնությունից։ Արցախ-Հայաստան նոր համակեցությամբ հարազատ դարձած Չանախչի-Ավետարանոց-Ասկերանի բնակիչները՝ եղբայրներ Արտակի, Արենի ընտանիքներով, իրենց Զինա մայրիկով ու Մարիա տատիկով՝ ընդհանուր 11 հոգի, նրանց մեջ 5 մանկահասակներ, որոշել են, կարող են տեղավորվել Ասկերանի Բերդի մոտ իրենց ընդհանուր սեփականություն հողատարածքում։ Քաղաքապետը պաշտպանեց, ոգևորվեց այս նախագծով, հատկապես որ Համբարձումյանների գերդաստանի հայրը՝ Վագիֆ Համբարձումյանը, 1992-ի արցախյան պատերազմի զոհերից է, իսկ ավագ եղբայր Արեն Համբարձումյանն արդեն սկսել է տան նոր կառույցի ընդարձակումը այսպիսի հեռանկարով․․․

Աղբյուրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով